_0.jpg)
56 դիտում
«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սինամ Պապյանը խորհուրդ է տալիս ընտանիքին և մանկապարտեզին լինել նույն թիմում։
Նրա խոսքով՝
առողջ սննդային սովորությունները ձևավորվում են ամեն օր՝ ոչ միայն մանկապարտեզում, այլև տանը,
հանգստյան օրերին նույնպես ցանկալի է պահպանել նույն սննդային սկզբունքները,
յուրաքանչյուր հիմնական կերակուր պետք է հիմնված լինի «առողջ ափսեի» սկզբունքի վրա՝ ներառելով բանջարեղեն, սպիտակուց և բարդ ածխաջրեր,
նոր մթերքներից հրաժարվելը միշտ չէ, որ նշանակում է, թե երեխան դրանք չի սիրում․ երբեմն անհրաժեշտ են բազմաթիվ փորձեր, մինչև երեխան ընդունի նոր համը,
եթե երեխայի հասակն ու քաշը համապատասխանում են տարիքային նորմերին, ամենայն հավանականությամբ նա ստանում է բավարար սնունդ, նույնիսկ եթե ծնողին թվում է, թե քիչ է ուտում,
կարևոր է պահպանել հիմնական սնունդների և միջուտեստների միջև մոտ երկու ժամ ընդմիջում, որպեսզի երեխան սովի բնական զգացողությամբ նստի սեղանի շուրջ։
2026 թվականից Հայաստանի նախադպրոցական հաստատություններում ներդրվել է առողջ սննդակարգի նոր չափորոշիչ։
Փոփոխությունների արդյունքում՝
Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:
Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն):
Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք (ներառյալ` հյութեր, կակաո և այլն):
Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի:
Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ. ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով:
Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում:
կրեմային հրուշակեղեն,
քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք,
շոկոլադ,
շոկոլադապատ արտադրանք,
աղանդեր (բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ),
կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ):
Այս փոփոխությունների նպատակը միայն երեխաներին կերակրելը չէ, այլ առողջ սննդային մշակույթ ձևավորելը։
Առողջ սնվելը սովորություն է, ոչ թե մեկ օրվա փոփոխություն: Երեխաները միշտ չէ, որ պատրաստ են անմիջապես ընդունել նոր համերը։ Բրոկոլին, լոբազգիները կամ այլ անսովոր մթերքները սկզբում կարող են մնալ ափսեի մեջ։
Սակայն մասնագետները վստահեցնում են՝ նոր մթերքի հետ «ընկերանալու» համար երբեմն անհրաժեշտ են բազմաթիվ փորձեր։
Համբերատարությունը, բազմազանությունը և մեծահասակների անձնական օրինակը հաճախ ավելի արդյունավետ են, քան ցանկացած պարտադրանք։
Առողջ սնվելու սովորությունները ձևավորվում են տարիների ընթացքում՝ ընտանիքի և կրթական հաստատության համատեղ աշխատանքի շնորհիվ։
Երեխայի համար կարևոր է ոչ միայն այն, թե որքան է նա ուտում, այլ նաև այն, թե ինչ է ուտում, ինչ միջավայրում է սնվում և ինչ օրինակ է տեսնում իր շուրջը։
Երբ տունն ու մանկապարտեզը միասին ձևավորում են առողջ սննդային մշակույթ, երեխան ոչ միայն ավելի հեշտ է ընդունում նոր համերը, այլև ձեռք է բերում այնպիսի սովորություններ, որոնք կարող են ուղեկցել նրան ամբողջ կյանքի ընթացքում։